Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Էլեկտրական և սովորական աթոռների տարբերությունը

Էլեկտրական և սովորական աթոռների տարբերությունը
06.02.2009 | 00:00

ՀԱՊԿ-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վերջին, արտահերթ գագաթաժողովում հայտարարվեց օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժեր ստեղծելու մասին։ Ինչպես նշեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, գագաթաժողովի մասնակիցները այս հարցում հանգել են միասնական եզրակացության, և ՀԱՊԿ-ի մասնակից երկրներից յուրաքանչյուրը (Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, ՈՒզբեկստան) կոլեկտիվ ուժերի կազմում կընդգրկի իր զինված ուժերի արագ արձագանքման մեկ գումարտակ։
«Օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժերի ստեղծումը կամրապնդի կազմակերպության մեջ ընդգրկված բոլոր պետությունների անվտանգությունը»,- գագաթաժողովում հայտարարեց ՀԱՊԿ-ի ղեկավարների խորհրդի նախագահող, Հայաստանի նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ` համոզմունք հայտնելով, որ ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի այսպիսի ամրապնդումը կնպաստի անվտանգության մակարդակի բարձրացմանը կազմակերպության գործունեության ողջ տարածքում։
Այսպիսով, ռուսական քաղաքագետների գնահատմամբ, ԱՄՆ-ի ակտիվության դադարից օգտվելով, Կրեմլը փորձում է հետխորհրդային տարածքում լուծել մի շարք «գլոբալ խնդիրներ» հարևան երկրների հետ փոխհարաբերություններում` կիրառելով նոր ռազմաքաղաքական մեխանիզմներ։ Սակայն երկարատև պատմական փորձից հայտնի է, որ ռազմական համաձայնագրերը, առավել ևս ռազմաքաղաքական միավորումները, անհնար է կառուցել բացառապես «ում դեմ ենք համախմբվում» սկզբունքից ելնելով։ Մանավանդ որ առնվազն մեր տարածաշրջանում իրավիճակը, ամենայն հավանականությամբ, ավելի է խորանալու` Ռուսաստան-Արևմուտք հակադրության տեսանկյունից։ Հարավային Կովկասի բոլոր երկրներն այս կամ այն չափով մասնակից են դառնալու տարածաշրջանում սպասվող «էներգետիկ պատերազմին»։ Այս իրողությունը չեն թաքցնում նաև ռուսական քաղաքագիտության հայտնի դեմքերը, և ՌԴ վարչապետի խորհրդական, հայտնի վերլուծաբան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԴՈՒԳԻՆԸ վերջերս պատահաբար չհայտարարեց. «Կարծում եմ, որ «Նաբուկո» նախագիծը պետք է տապալել ամեն գնով, որովհետև խոսքը գազի` իբրև աշխարհաքաղաքական գործոնի մասին է։ Եթե դրա համար անհրաժեշտ լինի հրահրել ռազմական հակամարտություն, պետք չէ խուսափել նաև դրանից, քանզի աշխարհաքաղաքականության մեջ բոլոր միջոցներն էլ ընդունելի են»։ Քիչ ավելի վաղ համանման հայտարարությամբ հանդես էր եկել նաև Պետդումայի փոխխոսնակ և ռուսական լիբերալ-դեմոկրատների առաջնորդ ՎԼԱԴԻՄԻՐ ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ, որը նշել էր, թե «Նաբուկոն» երբեք իրականություն չի դառնա. «Մենք թույլ չենք տա իրագործել այդ նախագիծը։ Անհրաժեշտ լինի` Կովկասը, Թուրքիան, Պաղեստինը, Իսրայելը, Իրանը կկորչեն հրդեհի մեջ։ Մի՞թե հնարավոր է այդ տարածաշրջանով գազամուղներ անցկացնել։ Ոչ, միայն Ռուսաստանով»։ Առաջին հայացքից նման հայտարարությունները կարող են թվալ կլինիկական դեպք, սակայն լավ հայտնի է, որ քաղաքականության մեջ շատ հաճախ գլոբալ և աղետալի իրադարձությունները սկսվում են լոկալ միջադեպերից և առաջին հայացքից ֆանտաստիկ հայտարարություններից ու մամուլում թույլ տրված տեղեկատվական «արտահոսքերից»։ Այս պարագայում, թերևս, ավելորդ չէ անդրադառնալ «Иносми» հայտնի ինտերնետային կայքում տպագրված մի հոդվածի, որը կոչվում է` «Պուտինն առաջարկում է Հայաստանին` պատերազմ սկսել Վրաստանի դեմ»։
Հոդվածը, իբրև վերին ճշմարտություն չընդունելով հանդերձ, ուշագրավ է հետևյալ մեջբերումով. «2008-ի հոկտեմբերից Մոսկվան համառորեն խնդրում է պաշտոնական Երևանից ակտիվանալ Ջավախքի տարածաշրջանի ուղղությամբ։ Ավելի ճշգրիտ, Ռուսաստանը հրահրում է Հայաստանին` Վրաստանի դեմ ռազմական գործողությունների։ 2009-ի հունվարի առաջին օրերին Հայաստանում Ռուսաստանի դեսպանության դեսպանորդ խորհրդականը, որը համակարգում է հատուկ ծառայությունները, Հայաստանի իշխանություններին է հանձնել մի «սև փաստաթուղթ», որտեղ մանրամասն հիմնավորվում է, թե ինչու է Հայաստանի համար կարևոր 2009-ին լուծել Ջավախքի հարցը։ Փաստաթղթի առաջին կետում խոսվում է այն մասին, որ Վրաստանի իշխանությունները թույլ են ավելի, քան երբևէ։ Պատերազմի մեջ կմտնեն Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայված ռուսական զորքերը։ Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունի փոխօգնության պայմանագիր, որը հնարավորություն է տալիս գործընթացի մեջ ընդգրկելու Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական բազան։ Իսկ Վրաստանի զինված ուժերը չունեն երեք ճակատով մարտնչելու անհրաժեշտ ռեսուրսներ, քանի որ ռեզերվիստների համակարգի ձևավորումը միայն սկզբնական փուլում է։ Ռուսական հատուկ ծառայությունների գլխավոր նպատակն է համոզել Երևանին, որ Վրաստանի հետ հակամարտության դեպքում շրջափակումը կլինի միայն մի քանի օր։ Բնութագրական է, որ այս նախագծի վերաբերյալ, որը նախատեսում է վրացական պետականության արմատական ոչնչացում, Հայաստանի կառավարությունում չի եղել նույնիսկ քիչ թե շատ լուրջ ներքին քննարկում։ Ավելին, պաշտոնական Երևանն իրեն հեռու է պահում այն ծայրահեղականներից, որոնք գործունեություն են ծավալում Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանում։ Բայց չկա որևէ երաշխիք, որ Հայաստանի իշխանությունները երկար կդիմադրեն Ռուսաստանին և այնտեղ բնակվող ու մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող հայկական լոբբիի ճնշմանը»,- գրում է վրացական ինտերնետային կայքը։
Այսպիսի ընդարձակ մեջբերումը պայմանավորված է ոչ միայն տեղեկատվության սենսացիոն բնույթով։ Փաստորեն, ո՛չ հայ հասարակությունը, ո՛չ էլ քաղաքական վերնախավն անհրաժեշտ ձևով չեն արձագանքում այս ճակատագրական զարգացումներին։ Իշխանության մակարդակում էլ վերոնշյալ պնդումները ոչ հերքում են, ոչ էլ հաստատում։ Թերթային հրապարակումները կարելի է համարել նաև տպաքանակի մեծացման նպատակով ձեռնարկված գործողություն։ Սակայն Ռուսաստանի նախկին նախագահի տնտեսական հարցերով նախկին խորհրդական ԱՆԴՐԵՅ ԻԼԱՐԻՈՆՈՎԸ նույնպես չի խուսափում բացեիբաց հայտարարելուց. «Վրաստանի ապաինտեգրացիան եղել և մնում է գլխավոր նպատակներից մեկը։ Վրաստանի մասնատումը կնշանակեր անկախ և կիսանկախ նոր պետությունների ձևավորում ոչ միայն Աբխազիայում և Հարավային Օսիայում, այլև Աջարիայում, Սամեգրելոյում, Ջավախքում, Իմերեթիայում, Մառնեուլի շուրջ ձևավորված Քվեմո-Քարթլիի տարածաշրջանում։ Հասկանալի է, որ Ջավախքը և Մառնեուլը համապատասխանաբար առաջարկվելու են Հայաստանին և Ադրբեջանին»։ Ահա այն տարբերակը, որի պարագայում հօդս կցնդի ոչ միայն «Նաբուկո» նախագիծը, այլև Բաքու-Ջեյհան և Բաքու-Էրզրում գործող նավթամուղն ու գազամուղը, հարցականի տակ կդրվի ողջ տարածաշրջանի ինտեգրացիան եվրատլանտյան կառույցներ։
Սակայն, ինչպես հայտնի է, ցանկացած գործողություն ծնում է հակագործողություն, և այս պայմաններում դժվար է պատկերացնել, թե Արևմուտքն անարձագանք կթողնի Կրեմլի նետած մարտահրավերը։ Ռուսաստանի կողմից տարածաշրջանի «յուրացման» դեմ կարող է գործել հակառակ նախագիծը` Վրաստանում ամերիկյան ռազմակայանների տեղակայման ձևով։ Նույն ռուսական «Նեզավիսիմայա գազետան» պնդում է, թե Թբիլիսին արդեն բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ` Փոթիում և Մառնեուլում ռազմաբազաների տեղակայման վերաբերյալ։ Նշվում է նաև, որ այս նախագիծն առայժմ համաձայնեցման փուլում է, և Վրաստանը դիվանագիտական խողովակներով հասկացրել է Մոսկվային, որ կարող է և հրաժարվել այս գաղափարից, եթե Կրեմլն իր հերթին չտեղակայի իր բազաները Աբխազիայում և Հարավային Օսիայում։ Մինչդեռ արդեն հունվարի 30-ին տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Աբխազիայում նախատեսվում է ռուսական երկու` ռազմաօդային և ռազմածովային բազաների տեղակայում։ Դրանով Մոսկվան, փաստորեն, այլ ընտրություն չի թողնում Վրաստանին, իսկ ավելի շուտ` ԱՄՆ-ին, և տվյալ պարագայում առաջին պլանի վրա ոչ թե Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանման խնդիրն է, այլ ԱՄՆ-ի շահերի դեմ լուրջ սպառնալիքների ձևավորումը։
Այս կապակցությամբ չուշացավ նաև Ադրբեջանի արձագանքը` առայժմ փորձագիտական մակարդակով։ Ոչ անհայտ քաղաքագետ ՎԱՖԱ ԳՈՒԼՈՒԶԱԴԵՆ հարկ համարեց կարծիք հայտնել. «Վրաստանից հետո ԱՄՆ-ը ռազմական բազաները կտեղակայի նաև Ադրբեջանում։ Այս ամենը վկայում է, որ մոտ ապագայում Կովկասում կարձանագրվի ԱՄՆ-ի կտրուկ ակտիվացում»։ Բաքվում արդեն բացահայտ են խոսում, թե Մոսկվան իր շահերից ելնելով պատրաստ է հերթական անգամ ռազմական հակամարտություն հրահրել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Լայն տարածում է գտել վերոնշյալ ոչ անհայտ Ալեքսանդր Դուգինի հարցազրույցը, ուր մասնավորապես նշվում է. «Հիմա լրջորեն մտածում ենք այն մասին, որ Ղարաբաղ մտցնենք մեր խաղաղապահներին, և այդպիսով վերահսկողություն հաստատենք այդ տարածաշրջանում։ Այդ հակամարտության գոյությունը խոչընդոտում է Կովկասում մեր նպատակների իրագործմանը, և ռուսական զորքերի մուտքն այնտեղ հասկանալի կդարձնի Ադրբեջանի և Հայաստանի համար, որ այդ տարածքը ոչ հայկական է, ոչ ադրբեջանական, այլ գտնվում է Ռուսաստանի վերահսկողության ներքո։ Բաքուն պետք է հաշտվի այդ իրավիճակի հետ, քանի որ դրա արդյունքում նրան կվերադարձվեն օկուպացված տարածքները, Լեռնային Ղարաբաղը ձևականորեն կմնա Ադրբեջանի կազմում, բայց Ռուսաստանի վերահսկողության ներքո։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, երբ նրան առաջարկեցին ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, նա դա չարեց, բայց պետք է կանխատեսեր Մոսկվայի հետագա հնարավոր դիրքորոշումը»։
Այլ բան է, թե որքանով են այս լայնամասշտաբ ծրագրերն ամրագրված իրական տնտեսական և քաղաքական ռեսուրսների առկայությամբ։ Հիմա, խորացող գլոբալ ճգնաժամի պայմաններում, Հարավային Կովկասի տարածաշրջանում ցանկացած հակամարտություն հանգեցնելու է տարածաշրջանի երկրների առանց այդ էլ թույլ տնտեսության վերջնական ապակայունացմանը։ Ցանկացած դեպքում առայժմ ոչինչ չի խոսում այն մասին, թե Վրաստանը, Հայաստանը կամ Ադրբեջանը լրջորեն նախապատրաստվում են հակամարտությունների ռազմական լուծման։ Այս իրավիճակում ՀԱՊԿ-ում համագործակցության նոր ձևաչափերի ստեղծումը կարող է դառնալ բիկֆորդյան քուղ։ Ավելին, լուրջ աշխարհաքաղաքական խզումների ու փոփոխությունների այսօրվա իրավիճակում անվտանգության նոր բանաձևը Հայաստանի համար կարող է այնքան տարբեր լինել իրական անվտանգությունից, որքան էլեկտրական աթոռը տարբերվում է սովորականից։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3291

Մեկնաբանություններ